Հոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները
Հոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները
1. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված սահմանափակումներ չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։
1.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:
1.2. «A», «B» և «C» կարգերի, ինչպես նաև «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նաև ինքնուս անձինք:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:
4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը:
5. (5-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:
7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման (բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների) և արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած ճանապարհներին:
9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:
10. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն)
11. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-228-Ն)
(28-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-22-Ն, լրաց., փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-228-Ն, 08.12.11 ՀՕ-332-Ն)