Հոդված 94
Հոդված 94.
Բարձրագույն դատական խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը
1. Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ:
2. Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամները պարտավոր են կողմ կամ դեմ քվեարկել քննարկման դրվող յուրաքանչյուր հարցի շուրջ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
3. Բարձրագույն դատական խորհուրդն իր քննարկման ենթակա հարցերի նախապատրաստման նպատակով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
4. Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:
5. Դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները կազմելու և հաստատելու, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ:
6. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումները՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Եթե քվեարկության արդյունքով որևէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում և ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին:
7. Բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումներն ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:
8. Բարձրագույն դատական խորհրդի անհատական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետում:
9. Բարձրագույն դատական խորհրդի որոշումները ենթակա են հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող որոշումների: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները ենթակա են հրապարակման նույն կարգով՝ ապանձնավորած:
10. Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումները ենթակա են հրապարակման նաև Հայաստանի Հանրապետության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի հրապարակման համար նախատեսված կարգով:
(94-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)