Հոդված 106
Հոդված 106.
Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձի ընդգրկման կարգը
1. Իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին տասը տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում և (կամ) «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը (այսուհետ՝ գիտական աստիճան ունեցող հավակնորդ), որը բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ:
2. Գիտական աստիճան ունեցող հավակնորդը դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացնում է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով տրված հայտարարությամբ նշված ժամկետներում:
3. Հայտին կցվում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը, գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:
4. Գիտական աստիճան ունեցող հավակնորդի հայտն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Գիտական աստիճան ունեցող հավակնորդը սույն օրենսգրքով սահմանված կարգով անցնում է որակավորման ստուգման հարցազրույցի փուլը:
(106-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց. 17.09.20 ՀՕ-423-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)