Հոդված 35.4. Երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդները
Հոդված 35.4. Երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդները
1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:
2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով:
3. Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չստորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:
4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:
6. Պահանջատիրոջ և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մասին պայմանագիր: Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիր կնքելը և լոտը իրեն հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:
Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարվելուց հետո:
7. Վեցերորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների):
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր աճուրդում գտնվող գույքը էլեկտրոնային հարկադիր աճուրդի է ներկայացվում վերջին մեկնարկային գնով:
9. Սույն օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված դեպքերում:
(35.4-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն)