Հոդված 33. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ
Հոդված 33. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԸՆԹԱՑՔԸ
1. Հարկադիր աճուրդն անցկացվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-7-րդ մասերով սահմանված կարգով:
2. Աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ չափերը.
1) (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-133-Ն)
2) լոտի մեկնարկային գնի մինչև 100.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ.
3) լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ.
4) լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ.
5) լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ.
6) լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում` 100.000 դրամ:
3. Աճուրդում հաղթած մասնակիցը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:
Եթե աճուրդում հաղթած մասնակիցը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:
Եթե հարկադիր կատարողը չի ստորագրում արձանագրությունը, ապա աճուրդում հաղթած մասնակցին երեք բանկային օրվա ընթացքում վերադարձվում է նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաև հատուցվում են աճուրդին մասնակցելու հետևանքով նրա կրած վնասները:
4. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: Գնման գինը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում:
5. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:
6. Լոտի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է պարտատիրոջը:
(33-րդ հոդվածը փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-133-Ն)