Հոդված 169. Ամենամյա արձակուրդի վճարումը
Հոդված 169. Ամենամյա արձակուրդի վճարումը
1. Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով ամենամյա արձակուրդի համար կարող են սահմանվել ավելի մեծ վճարումներ, քան սահմանված է սույն օրենսգրքով, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
2. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար:
3. Սույն օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:
(169-րդ հոդվածը փոփ. 27.02.06 ՀՕ-39-Ն, լրաց. 24.06.10 ՀՕ-117-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն, 09.10.20 ՀՕ-460-Ն)
(22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(09.10.20 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
⚖Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
1. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:
1.1. Սույն օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
(170-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.06.10 ՀՕ-117-Ն, լրաց., խմբ. 22.06.15 ՀՕ-96-Ն)
(22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 171. Նպատակային արձակուրդի տեսակները
Նպատակային են համարվում`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդը.
2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.
3) ուսումնական արձակուրդը.
4) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը.
5) չվճարվող արձակուրդը.
6) հայրության արձակուրդը:
Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի:
(171-րդ հոդվածը լրաց. 24.06.10 ՀՕ-117-Ն, խմբ. 30.04.13 ՀՕ-33-Ն, լրաց. 16.09.20 ՀՕ-415-Ն)