Հոդված 191. Աշխատանքի վարձատրությունը աշխատանքային նորմաները չկատարելու դեպքում
Հոդված 191. Աշխատանքի վարձատրությունը աշխատանքային նորմաները չկատարելու դեպքում
1. Եթե աշխատողը ոչ իր մեղքով չի կատարում աշխատանքային նորմաները, ապա աշխատանքի վարձատրությունը կատարվում է փաստացի կատարված աշխատանքի համար: Այս դեպքում ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել նրա միջին ամսական աշխատավարձի երկու երրորդից, որը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից:
2. Աշխատողի մեղքով աշխատանքի նորմաները չկատարվելու դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի կատարված աշխատանքին համապատասխան:
⚖Հոդված 192. Աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը
(վերնագիրը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն)
1. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:
2. Աշխատավարձի վճարումը պարտավորագրերով և արժեթղթերով արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Աշխատավարձը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով՝ կանխիկ կամ անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
(192-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, լրաց. 22.06.15 ՀՕ-96-Ն, 24.10.19 ՀՕ-187-Ն, խմբ. 18.01.22 ՀՕ-14-Ն )
(22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(18.01.22 ՀՕ-14-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 193. Հաշվարկային թերթիկները
1. Գործատուն աշխատավարձը վճարելիս աշխատողի պահանջով ներկայացնում է հաշվարկային թերթիկներ:
2. Հաշվարկային թերթիկում նշվում են հաշվարկված, աշխատողին վճարված և պահված գումարները:
(193-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-96-Ն)
(22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ)