Հոդված 84.1. Աշխատանքային պայմանագիրը և օրենքը
Հոդված 84.1. Աշխատանքային պայմանագիրը և օրենքը
1. Աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):
2. Եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոններն են սահմանում, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա: Օրենսդրությամբ ավելի բարենպաստ պայմաններ սահմանվելու դեպքում աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանեցվի օրենսդրության պահանջներին:
(84.1-ին հոդվածը լրաց. 24.06.10 ՀՕ-117-Ն)
⚖Հոդված 85. Աշխատանքային պայմանագրի և աշխատանքային պայմանագրի հավելվածի կնքման կարգը
(վերնագիրը լրաց. 04.12.24 ՀՕ-525-Ն)
1. Աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 1.7-րդ մասով նախատեսված դեպքի: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի և աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
1.1. (մասն ուժը կորցրել է 04.12.24 ՀՕ-525-Ն)
1.2. (մասն ուժը կորցրել է 04.12.24 ՀՕ-525-Ն)
1.3. (մասն ուժը կորցրել է 04.12.24 ՀՕ-525-Ն)
1.4. (մասը գործել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը` համաձայն 04.12.24 ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի)
1.5. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը հավելվածը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:
1.6. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կարող է կնքվել նաև փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ այն կողմերի միջև փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու աշխատանքային պայմանագրի հավելվածի իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագրի հավելվածն ստորագրած կողմն աշխատանքային պայմանագրի հավելվածի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում և նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետևյալ մեկ կամ մի քանի եղանակներով.
1) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված օրինակը պատվիրված նամակով ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.
2) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.
3) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված և էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի հավելվածի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:
1.7. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին:
2. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
3. Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:
(85-րդ հոդվածը խմբ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն, փոփ., լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն, փոփ., խմբ., լրաց. 04.12.24 ՀՕ-525-Ն)
(22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(04.12.24 ՀՕ-525-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)