Հոդված 9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տարածության իրավունքի ապահովումը
Հոդված 9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տարածության իրավունքի ապահովումը
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվելու կամ բնակվելու, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, հանրապետության զինված ուժերում ծառայելու կամ ազատազրկման վայրերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքը:
18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:
2. Բնակելի տարածություն չունեցող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածությունը տրվում է արտահերթ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:
3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.04.04 ՀՕ-69-Ն, 14.12.04 ՀՕ-39-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-241-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)