Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-07-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ II · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 10. Լիցենզավորման կարգերը

գործել է մինչև 2026-07-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10. Լիցենզավորման կարգերը

1. (մասն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-121-Ն)

2. Սույն օրենքով նախատեսված լիցենզիաների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են միայն օրենքով և լիցենզավորման կարգերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինների կողմից տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

6. (մասն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-252-Ն)

7. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը:

8. Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել միայն այնպիսի պահանջներ, որոնք անհրաժեշտ են պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

Լիցենզավորման կարգերում օրենքով չնախատեսված պահանջներ սահմանելիս պետք է պարտադիր հղում կատարվի սույն մասով նախատեսված հիմքերին: Նման հղում չպարունակող պահանջը, ինչպես նաև օրենքով չնախատեսված սահմանափակումներն իրավաբանական ուժ չունեն:

Լիցենզավորման կարգերում հայտատուների կամ լիցենզավորված անձանց քաղաքացիական իրավունքների սահմանափակումներ չեն կարող նախատեսվել:

9. Լիցենզավորման կարգերում բիզնես-ծրագրերի, հիմնավորումների, շուկայի վերլուծության ներկայացման, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի, ինչպես նաև հայտատու իրավաբանական անձի հիմնադիրների մասին տեղեկություններ ներկայացնելու պահանջները կարող են սահմանվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

10. Լիցենզավորման կարգերով չի կարող լիցենզավորված անձին պարտադրվել կնքելու որոշակի կոնկրետ անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Լիցենզավորման կարգերում լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման համար որպես հիմք չի կարող սահմանվել հայտատուի կողմից այլ անձանց, այդ թվում՝ նաև պետության նկատմամբ պարտավորությունների չկատարման փաստը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(10-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-252-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-31-Ն, լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-121-Ն, 27.10.17 ՀՕ-169-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։