Հոդված 32. Լիցենզիայի վերաձևակերպումը
Հոդված 32. Լիցենզիայի վերաձևակերպումը
1. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ:
2. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման մասին` անհատ ձեռնարկատիրոջ դեպքում կցելով տեղեկություններ պետական հաշվառման համարի վերաբերյալ, իսկ ֆիզիկական անձի դեպքում` նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
3. Իրավաբանական անձի առանձնացման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:
4. Իրավաբանական անձի բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան բաժանված իրավաբանական անձանց տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:
5. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանը հաջորդող երրորդ օրը:
Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ լիցենզավորող մարմինը լիցենզիայի էլեկտրոնային գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:
6. Լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով՝ լիցենզիաների հայտերի մերժման համար նախատեսված դեպքերում և կարգով, բացառությամբ այդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:
7. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի:
8. Սույն հոդվածը լիցենզավորված անձի գտնվելու վայրի փոփոխման մասով տարածվում է միայն լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն լիցենզիայում նշված վայրում:
9. Լիցենզիայի վերաձևակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
(32-րդ հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-227-Ն, փոփ. 22.06.12 ՀՕ-172-Ն, լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն, 25.10.17 ՀՕ-161-Ն)