Հոդված 25. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգումների իրականացման առանձնահատուկ դեպքերը և դրանց իրականացման կարգը
Հոդված 25. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգումների իրականացման առանձնահատուկ դեպքերը և դրանց իրականացման կարգը
1. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգումների իրականացման համար առանձնահատուկ դեպքեր (այսուհետ` առանձնահատուկ դեպքեր) են համարվում՝
ա) շրջակա միջավայրին վտանգ սպառնացող արտակարգ և վթարային իրավիճակները.
բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները.
գ) քաղաքացիների և կազմակերպությունների դիմում-բողոքներն ու հաղորդումները.
դ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը:
2. Առանձնահատուկ դեպքերում ստուգումն անցկացվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով:
3. Առանձնահատուկ դեպքերում ստուգումներ իրականացնելու մասին հրամանում և(կամ) հանձնարարագրում նշվում են ստուգման իրականացման նպատակը, ստուգող և ստուգվող սուբյեկտի անվանումը և(կամ) ստուգվող տարածքը, ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունն ու ազգանունը և ստուգման ժամկետը:
Հրամանում և(կամ) հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը:
4. Առանձնահատուկ դեպքերում ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան տասնհինգ օրացուցային օր, իսկ արտակարգ և վթարային իրավիճակներում ստուգումները կարող են շարունակվել մինչև վթարի կամ վտանգի վերացումը:
5. Առանձնահատուկ դեպքերում ստուգումների ընթացքում՝
ա) ստուգվող սուբյեկտում բնապահպանական օրենսդրության խախտում չհայտնաբերելու կամ հայտնաբերելու դեպքում բնապահպանական պետական տեսուչի կողմից ակտով արձանագրվում է օրենսդրության խախտում չհայտնաբերելու կամ հայտնաբերելու փաստը.
բ) ստուգվող սուբյեկտի կողմից բնապահպանական օրենսդրության խախտման դեպքում բնապահպանական պետական տեսուչը տալիս է հանձնարարական, որում նշվում են խախտման բովանդակությունը, խախտումները վերացնելու վերաբերյալ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները:
6. Առանձնահատուկ դեպքերում կատարված ստուգումների վերաբերյալ ակտի և հանձնարարականի բովանդակությունը նմանատիպ է թեմատիկ ստուգումների վերաբերյալ ակտի և հանձնարարականի բովանդակությանը:
Ստուգումներով արձանագրված ակտի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող սուբյեկտին, իսկ նրա կողմից ակտը ստորագրելուց կամ վերցնելուց հրաժարվելու դեպքում ակտի օրինակը պատշաճ կերպով ուղարկվում է փոստով:
7. Առանձնահատուկ դեպքերում կատարվող ստուգումների ժամանակ կարող են իրականացվել համատեղ և այլընտրանքային ստուգումներ հետևյալ սկզբունքներով.
ա) համատեղ ստուգումներն իրականացվում են բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման ժամանակ, ստուգումներին պետական կառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց ներգրավման անհրաժեշտություն առաջանալու, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքին համապատասխան.
բ) այլընտրանքային ստուգումներն իրականացվում են միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար բնապահպանական օրենսդրության կիրարկման նպատակով կնքված միջազգային պայմանագրերի առկայության դեպքում և դրանց համապատասխան:
8. Ստուգումների վերաբերյալ ակտի ու հանձնարարագրի ձևերը և դրանց լրացման կարգը հաստատում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:
(25-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-223-Ն, խմբ., փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն)