Հոդված 12. Բնապահպանական պետական տեսուչի իրավասությունները
Հոդված 12. Բնապահպանական պետական տեսուչի իրավասությունները
1. Բնապահպանական պետական տեսուչը իրավունք ունի՝
ա) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ստուգվող սուբյեկտներում իրականացնելու ստուգումներ.
բ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ստուգվող սուբյեկտներից պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ և իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ինչպես նաև վերցնելու փորձանմուշներ և կատարելու կապարակնքում.
գ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վերցնելու փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և կատարելու չափագրումներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգումների նպատակներին.
դ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների շրջանակներում պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ընդունելու որոշումներ.
ե) բնապահպանական օրենսդրության խախտման դեպքում արձանագրելու խախտումները, օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգվող սուբյեկտներին հանձնարարականներ տալու, կասեցնելու, դադարեցնելու, արգելելու նրանց գործողությունները.
զ) բնապահպանական օրենսդրության կիրարկումն ապահովելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կանգնեցնելու տրանսպորտային միջոցները.
է) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում առգրավելու ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսները և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված որսը, որսագործիքները, որսի գործիք համարվող այլ միջոցներ.
ը) օրենքով նախատեսված դեպքերում ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու ստուգվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ ստորաբաժանումներ ու տարածքներ.
թ) ստուգումների ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու մասնագետների և փորձագետների.
ժ) օրենքով սահմանված կարգով կիրառելու հարկադրանքի միջոցներ.
ժա) օրենքով սահմանված կարգով պահելու, կրելու, օգտագործելու ծառայողական զենք, զինամթերք, ձեռնաշղթա և կրելու համազգեստ.
ժբ) վարչական իրավախախտում արձանագրելու դեպքում իրականացնելու գործերի վարույթ և գործերի քննությամբ կայացնելու համապատասխան որոշումներ.
ժգ) բնապահպանության ոլորտում ստուգվող սուբյեկտներին տրված լիցենզիաների, պայմանագրերի, թույլտվությունների, արտոնագրերի ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմիններին ներկայացնելու միջնորդագրեր.
ժդ) օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին վերապահված իրավասությունների շրջանակներում բնապահպանական հարկով հարկման բազայի և բնօգտագործման վճարի բազայի փաստացի ծավալների չափագրման, հարկման բազայի և վճարի բազայի փաստացի ծավալների ու դրանց համար սահմանված չափաքանակների գերազանցման վերաբերյալ կազմելու ակտեր.
ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց ներկայացնելու դատարան.
ժզ) բնապահպանական օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հաղորդում ներկայացնելու իրավապահ մարմիններին:
2. Պետական մարմինների և այլ պաշտոնատար անձանց կողմից բնապահպանական պետական տեսուչի լիազորությունների իրականացումն արգելվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
3. Բնապահպանական պետական տեսչությունը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ իրավասություններ:
(12-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-270-Ն)