Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2018-04-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 28. Որոշումների կատարման ընթացակարգը

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 28. Որոշումների կատարման ընթացակարգը

1. Գործերի քննության արդյունքում ընդունված որոշումները կատարվում են սույն հոդվածով սահմանված ընթացակարգով:

2. Գործի քննության արդյունքում ընդունված որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է ստուգվող սուբյեկտին:

Որոշումը հանձնվում է ստորագրությամբ կամ ուղարկվում է փոստով` համապատասխան նշում կատարելով գործերի քննության գրանցամատյանում:

3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1) «ա» կետով սահմանված որոշումը ստուգվող սուբյեկտին տրամադրվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով.

2) «բ» կետով սահմանված որոշումը ստուգվող սուբյեկտին օրենքով սահմանված կարգով տրամադրելուց հետո վարչական տուգանքի ենթարկված անձը որոշմամբ սահմանված ժամկետում որոշում կայացնող պաշտոնատար անձին ներկայացնում է վճարման անդորրագիրը, որը կցվում է որոշման մյուս օրինակին.

3) «գ» կետով սահմանված որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ստուգման նյութերը ներկայացվում են հետաքննություն իրականացնող համապատասխան մարմիններին` միաժամանակ որոշման մեկ օրինակը սույն հոդվածով սահմանված կարգով տրամադրելով ստուգվող սուբյեկտին.

4) «դ» կետով սահմանված որոշումը ստուգվող սուբյեկտին սույն հոդվածով սահմանված կարգով տրամադրելուց հետո իրավախախտում թույլ տված սուբյեկտը տասնհինգօրյա ժամկետում որոշում կայացնող պաշտոնատար անձին ներկայացնում է վճարման անդորրագիրը, որը կցվում է որոշման մյուս օրինակին: Սահմանված ժամկետում անդորրագիրը չներկայացնելու կամ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ որոշումը չկատարելու դեպքում գանձումն իրականացվում է դատական կարգով.

5) «ե» կետով սահմանված որոշումը ստուգվող սուբյեկտին, բացառությամբ ֆիզիկական անձանց (ներառյալ՝ օտարերկրյա) ու անհատ ձեռնարկատերերի, տրամադրվում է սույն հոդվածով սահմանված կարգով, իսկ որոշման կատարումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:

Ֆիզիկական անձանց (ներառյալ՝ օտարերկրյա) ու անհատ ձեռնարկատերերին «ե» կետով սահմանված որոշման վերաբերյալ ստուգման պահին տեղեկացնում է ստուգող պաշտոնատար անձը.

6) «զ» կետով սահմանված որոշման վերաբերյալ ստուգվող սուբյեկտը տեղեկացվում է ստուգման պահին.

7) «է» կետով սահմանված որոշումը կայացնելուց հետո լիազոր մարմնի ղեկավարը հնգօրյա ժամկետում միջնորդագիր է ներկայացնում համապատասխան պայմանագրեր կնքող, լիցենզավորող կամ թույլտվություն տվող իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարին՝ պայմանագրի, թույլտվության, լիցենզիայի և արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին:

Բնապահպանության ոլորտում լիազորված պետական մարմնի կնքած պայմանագրերի, թույլտվությունների, լիցենզիաների և արտոնագրերի գործողությունը կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու որոշման վերաբերյալ միջնորդագիրը համապատասխան պաշտոնատար անձին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը որոշումը կայացնելու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:

Միջնորդագրին կցվում է խախտման վերաբերյալ արձանագրության պատճենը: Պայմանագիր կնքող կամ թույլտվություն տվող կամ լիցենզավորող կամ արտոնագիր տվող մարմնի ղեկավարը կամ պաշտոնատար անձը միջնորդագիրն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, քննում է այն և ընդունում որոշում պայմանագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու կամ միջնորդագիրը մերժելու մասին և հնգօրյա ժամկետում տեղյակ է պահում միջնորդագիրը ներկայացնող պաշտոնատար անձին.

8) սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի «ը» կետով սահմանված որոշումը կարող է ընդունվել սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի «բ», «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված որոշումների ընդունման հետ միաժամանակ:

4. Գործերի քննության արդյունքների և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշումների, դրանց ներկայացման ու կատարման ընթացքի վերաբերյալ տվյալները գրառվում են գործերի քննության գրանցամատյանում, որի ձևն ու լրացման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։