Հոդված 34. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի և մաքսային ու հարկային մարմինների հետ փոխհարաբերությունները
Հոդված 34. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի և մաքսային ու հարկային մարմինների հետ փոխհարաբերությունները
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն)
1. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կենսառեսուրսների (բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների), վտանգավոր թափոնների տեղափոխումը (ներմուծում, արտահանում, տարանցիկ փոխադրում) կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության կամ լիցենզիայի առկայության դեպքում:
Սույն հոդվածում նշված ապրանքների արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման մասին տեղեկատվությունը մաքսային մարմինը հնգօրյա ժամկետում տրամադրում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
Տեղեկանքում ներառվում են ապրանքների նկարագիրը և ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի, քանակը, ամսաթիվը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող այլ տեղեկություններ:
բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն հոդվածում նշված տեղեկատվության ուսումնասիրության և տեղեկատվության մեջ ընդգրկված սուբյեկտներում սույն օրենքով սահմանված կարգով կատարած ստուգումների արդյունքների հիման վրա կարող է դիմել մաքսային մարմին` լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:
2. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և հարկային մարմինների միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ու իրավական այլ ակտերով:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) և (կամ) բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների ակտերը, ինչպես նաև ստուգմանը վերաբերող նյութերը ստուգման ակտը ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնին: Ստուգման ակտերի ձևերը հաստատում է լիազոր մարմինը:
Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմինն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փոխանակում են տեղեկություններ:
(34-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-270-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն)