Հոդված 20. Բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի օգտագործման պայմանները
Հոդված 20. Բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի օգտագործման պայմանները
1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, իսկ այնուհետ՝ պարբերաբար, բնապահպանական պետական տեսուչը սահմանված կարգով անցնում է հատուկ պատրաստության ստուգումներ:
Նշված անձը պարտավոր է նաև տուժողին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ունենալ:
Բնապահպանական պետական տեսուչը տեսչական գործողությունների ծավալման ամբողջ ընթացքում պարտավոր է իր հետ ունենալ առաջին բուժօգնության համար համապատասխան պարագաներ` դրանց համար նախատեսվող հատուկ պայուսակով:
2. Բնապահպանական պետական տեսուչը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ զինված, ռազմական տեխնիկայի և փոխադրամիջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումը ստեղծված իրավիճակում անհնարին է կամ կարող է վտանգ առաջացնել իր կամ այլ անձանց կյանքին ու առողջությանը և հանգեցնել այլ ծանր հետևանքների:
3. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և այն կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով՝ վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները բնապահպանական պետական տեսուչը պետք է հասցնի նվազագույնի:
4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետևանքով մարմնական վնասվածքների և(կամ) մահվան դեպքերի մասին համապատասխան պետական տեսուչն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին և միաժամանակ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա տեղակալին:
5. Բնապահպանական պետական տեսուչի կողմից զենքի օգտագործման հատուկ պատրաստության ստուգումների անցկացման կարգը սահմանվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ձեռք բերելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Օրենքով չնախատեսված դեպքերում բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումը կամ սահմանների անցումով գործառույթների կատարումը Հայաստանի Հանրապետության օրենքով ենթակա է պատասխանատվության:
(20-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն, 05.10.22 ՀՕ-375-Ն)