Հոդված 29.1. Ստուգվող սուբյեկտի գործունեության կամ գործողության կասեցումը
Հոդված 29.1. Ստուգվող սուբյեկտի գործունեության կամ գործողության կասեցումը
1. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում ստուգվող սուբյեկտի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ՝
1) ստուգվող սուբյեկտն առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բույսերի կամ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ.
2) ստուգվող սուբյեկտն առանց լիցենզիայի գործածում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոններ.
3) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ջրօգտագործման թույլտվություն ստանալու.
4) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ընդերքօգտագործում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու.
5) առկա է շրջակա միջավայրի կամ ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի իրավունքը կասեցնող կամ դադարեցնող՝ ուժի մեջ մտած վարչական ակտ, սակայն ստուգվող սուբյեկտի կողմից փաստացի իրականացվում է գործունեություն.
6) ստուգվող սուբյեկտն իրականացնում է գործունեություն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.
7) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում էկոլոգիական թողքի հաշվին.
8) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում ռազմավարական ջրային պաշարի կամ ազգային ջրային պաշարի հաշվին՝ օրենքի խախտմամբ.
9) ստուգվող սուբյեկտն իրականացնում է անշարժ աղբյուրից աղտոտող նյութերի արտանետում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների.
10) ստուգվող սուբյեկտն առանց որսի իրավունքը հավաստող փաստաթղթերի իրականացնում է սիրողական կամ արդյունագործական որս.
11) ստուգվող սուբյեկտը գործածում է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ:
2. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործունեությունը կասեցնելու մասին որոշումը հանձնում կամ ուղարկում է ստուգվող սուբյեկտին անմիջապես:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործունեության կասեցման մասին որոշման կատարումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործունեության կասեցման մասին որոշումը, ինչպես նաև 6-րդ մասով նախատեսված գործողության կասեցման մասին որոշումը ենթակա են անհապաղ կատարման:
5. Գործունեության կամ գործողության կասեցումը դադարում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ, եթե ստուգվող սուբյեկտը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները վերացրել է: Տեսչական մարմնի ղեկավարի կողմից գործունեության կամ գործողության կասեցումը դադարեցնելու մասին որոշումը կայացվում է խախտումները վերացնելու փաստը հաստատվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում շրջակա միջավայրին հասցվող վնասը հնարավոր է կանխել գործողությունների կասեցման միջոցով, կամ դրանք հնարավոր է վերացնել հայտնաբերման պահին, ապա ստուգման ընթացքում գործունեության կասեցման մասին որոշում չի կայացվում:
7. Ստուգվող սուբյեկտների գործողությունները կասեցվում են նաև բնապահպանական օրենսդրության այն խախտումների դեպքում, երբ դրանք անմիջական վնաս են հասցնում մարդու իրավունքներին և առողջությանը, պետության շահերին, ինչպես նաև շրջակա միջավայրին:
(29.1-ին հոդվածը լրաց. 06.10.20 ՀՕ-452-Ն)
(06.10.20 ՀՕ-452-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)