Հոդված 31. Բնապահպանական պետական տեսուչի կողմից տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու կարգը
Հոդված 31. Բնապահպանական պետական տեսուչի կողմից տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու կարգը
1. Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն` բնապահպանական պետական տեսուչն ավտոտրանսպորտային միջոցները կանգնեցնում է`
ա) մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի չափաքանակների ակնհայտ գերազանցման դեպքում.
բ) թափոնների տեղափոխման նորմերի ու կանոնների ակնհայտ խախտման դեպքում.
գ) կենսառեսուրսների և հողի բերրի շերտի տեղափոխման դեպքերում` դրանց ձեռքբերման օրինականությունը պարզելու համար:
2. Բնապահպանական պետական տեսուչը սույն հոդվածի`
ա) 1-ին մասի «ա» կետով սահմանված ստուգման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի թույլատրելի նորմատիվների գերազանցման դեպքում սույն օրենքով սահմանված կարգով փաստն արձանագրում է և արգելում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործումը մինչև ստուգվող սուբյեկտի կողմից դրա կարգավորումը:
Ավտոտրանսպորտային միջոցի հետագա շահագործումը թույլատրվում է բնապահպանական պետական տեսուչի տված համապատասխան տեղեկանքի հիման վրա, որի ձևը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը.
բ) 1-ին մասի «բ» կետով սահմանված ստուգման ժամանակ սույն օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնելու նպատակով արձանագրվում է իրավախախտման փաստը.
գ) 1-ին մասի «գ» կետով սահմանված ստուգման ժամանակ կենսառեսուրսների և հողի բերրի շերտի տեղափոխման իրավախախտում հայտնաբերելու դեպքում տվյալ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխվում է համապատասխան բնապահպանական պետական տեսչությանը պատկանող կամ նրանց հսկողության տակ գտնվող տարածք` սույն օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Սույն հոդվածով սահմանված դեպքերում ավտոտրանսպորտային միջոցի վարորդի` բնապահպանական պետական տեսուչի օրինական պահանջին չենթարկվելու` ավտոտրանսպորտային միջոցը չկանգնեցնելու դեպքում բնապահպանական պետական տեսուչը անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
(31-րդ հոդվածը փոփ. 28.11.11 ՀՕ-281-Ն)