Հոդված 11. Սննդամթերքը շրջանառության մեջ դնելը
Հոդված 11. Սննդամթերքը շրջանառության մեջ դնելը
1. Սննդամթերքը և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:
2. Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքում կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների, ինչպես նաև արգելված դեղամիջոցների մնացորդներ պարունակող պարենային հումքի օգտագործումը.
2) կենսաբանական ակտիվ հավելումներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությունը.
3) կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, եթե դրանց անվանումը համընկնում կամ շփոթեցնելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) գրանցված դեղի անվանմանը.
4) Հայաստանի Հանրապետությունում արտադրել, ներմուծել և շուկայահանել Կառավարության հաստատած գրանցման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված սննդամթերքը` առանց դրա` սահմանված կարգով գրանցելու, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
3. Կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, գրանցումը մերժելը, կասեցնելը, անվավեր ճանաչելը և գրանցման ժամկետի երկարաձգման իրականացումն ապահովում է լիազոր մարմինը` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի լիազոր մարմինների տված եզրակացության հիման վրա:
(11-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-285-Ն)