Հոդված 12. Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը շրջանառության մեջ դնելը
Հոդված 12. Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը շրջանառության մեջ դնելը
1. Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:
2. Նորահայտ սննդամթերքի արտադրության, փաթեթավորման, պահման, տեղափոխման և իրացման նոր տեխնոլոգիական գործընթացների հաստատման վերաբերյալ տեխնոլոգիական հրահանգներով սննդի շղթայի օպերատորները պարտավոր են հիմնավորել դրանց անվտանգությանը, փաթեթավորմանը, մակնշմանը և սննդային արժեքի պահպանմանը ներկայացվող պահանջները և սահմանել դրանց պիտանիության ժամկետները: Պիտանիության ժամկետները սահմանվում են այն սննդամթերքի նկատմամբ, որի հատկությունները, սկսած դրա արտադրման պահից, որոշակի ժամանակահատված հետո փոփոխվում են կամ ձեռք են բերում հատկություններ, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար:
3. Սննդամթերքի մշակումը ճառագայթահարմամբ պետք է իրականացվի, եթե առկա է դրա տեխնոլոգիական անհրաժեշտությունը, հետևյալ նպատակներով`
1) միկրոօրգանիզմների ոչնչացմամբ` փտման (փչացման) ընթացքի դադարեցման և սննդային թունավորումների վտանգի վերացման.
2) հասունացման, ծլման կամ ծլարձակման ընթացքի դանդաղեցմամբ` պահման ժամանակ սննդամթերքի կորուստների կրճատման.
3) բուսական ծագման սննդամթերքի և բույսերի համար վնասակար օրգանիզմների ոչնչացման:
4. Արգելվում է ճառագայթահարմամբ մշակված և ճառագայթահարմամբ մշակված բաղադրամաս պարունակող հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունը, ներմուծումն ու շուկայահանումը:
5. Արգելվում է հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունում, ինչպես նաև ներմուծման և իրացման փուլերում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների, կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների օգտագործումը:
6. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել և շուկայահանել այն նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության և հարստացված սննդամթերքը, որը գրանցված է և ունի պետական գրանցման վկայական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: