Հոդված 18. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն տալու կարգը
Հոդված 18. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն տալու կարգը
1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման նպատակով լիազոր մարմինը հայտատուի դիմումում նշված պեստիցիդների և ագրոքիմիկատների յուրաքանչյուր տեսակի համար պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է եզրակացություն:
2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
3. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկված պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին, բացառությամբ 3.1-ին մասով սահմանված դեպքի:
3.1. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև նրանց կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առևտրային անվանման, ազդող նյութի, ազդող նյութի պարունակության, պատրաստուկային ձևի վերաբերյալ՝ պահպանելով սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը:
4. Եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք ներկայացնում են`
1) դիմում (իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձինք դիմումում տեղեկությունների շարքում ներկայացնում են նաև պետական գրանցման կամ հաշվառման համարը).
2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.
3) ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռք բերելու վայրը).
4) պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծողները ներկայացնում են բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը:
5. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է հայտատուին:
6. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր ներկայացրած սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
7. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժման հիմք են սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության բացասական արդյունքները:
(18-րդ հոդվածը լրաց. 15.06.23 ՀՕ-219-Ն)
(հոդվածը 15.06.23 ՀՕ-219-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխության մասով գործում է եռամսյա ժամկետով մինչև 12.10.2023)