Հոդված 6. Նախազգուշացումը
Հոդված 6. Նախազգուշացումը
1. Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կայացնում և կիրառում է ոստիկանության իրավասու ծառայողը այն դեպքերում, երբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ, առկա չէ հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, և անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը ներառում է բռնության շարունակման կամ կրկնման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկում: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում: Նախազգուշացում կիրառելու մասին որոշման ձևը սահմանում է ներքին գործերի նախարարը։
2. Նախազգուշացում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշման պատճենը ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ` առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով: Նախազգուշացումն ուժի մեջ է մտնում որոշման կայացման պահից:
3. Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հանձնվելուց կամ դրա բովանդակությունը նրան հեռախոսակապի միջոցով պարզաբանվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:
4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացման ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:
(6-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ., խմբ. 12.04.24 ՀՕ-169-Ն, փոփ., լրաց. 16.04.26 ՀՕ-171-Ն)
(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)