Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) լիազոր մարմին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

2) բույսեր` բույսերն ամբողջությամբ և բույսերի առանձին մասերը, այդ թվում` սերմերը, սաղմը.

3) բուսասանիտարիա` առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ.

4) բույսերի կարանտին` բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համալիր, որի նպատակն է բացահայտել, մեկուսացնել և վերացնել բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների համար կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված օջախները.

5) բուսական արտադրանք` բուսական ծագման չվերամշակված նյութ, ինչպես նաև վերամշակված մթերքներ (բացառությամբ ջերմամշակում անցածների), որոնք իրենց բնույթով կամ վերամշակման եղանակով կարող են ստեղծել վնասակար օրգանիզմների ներթափանցման և (կամ) տարածման վտանգ.

6) բուսասանիտարական ռիսկի վերլուծություն` կենսաբանական և տնտեսական տվյալների գնահատում` վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու, դրանց դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումներ իրականացնելու կամ բուսասանիտարական միջոցառումներն ուժեղացնելու նպատակով.

7) բուսասանիտարական կանոններ և նորմեր` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված բուսասանիտարական պահանջներ.

8) բույսերի պաշտպանություն` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, բույսերի պաշտպանությանն ուղղված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների համալիր.

9) բուսասանիտարական զննում` բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով.

10) բույսերի կարանտին վնասակար օրգանիզմ` վտանգի ենթարկված գոտու համար տնտեսական նշանակություն ունեցող վնասակար օրգանիզմ, որը տվյալ գոտում դեռևս բացակայում է կամ առկա է սահմանափակ, հանդիսանում է պայքարի օբյեկտ և պաշտոնապես հսկվում է.

11) բույսերի վնասակար օրգանիզմ` բույսերի, բուսական արտադրանքի համար հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի ցանկացած տեսակ.

12) բույսերի կարանտին գոտի` տարածք, որտեղ գոյություն ունի կարանտին վնասակար օրգանիզմ, որի հետագա տարածումը կանխարգելելու և վերացնելու նպատակով սահմանվել է կարանտին հսկողություն, և անցկացվում են բուսասանիտարական միջոցառումներ.

13) բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմ` վնասակար օրգանիզմ, որի առկայությունը տնտեսական վնաս է հասցնում բույսերի նպատակային օգտագործմանը, և հսկվում ներմուծող երկրի կողմից.

14) բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքար` կարանտին վնասակար օրգանիզմների սերնդատվության ճնշման, մեկուսացման և (կամ) վերացման, ինչպես նաև կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների կառավարման նպատակով բուսասանիտարական կանոնների պարտադիր կիրառում.

15) կարգավորվող առարկա (կարանտին օբյեկտ)` ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորման նյութ, տրանսպորտային միջոց, բեռնարկղ, հող և ցանկացած այլ օբյեկտ կամ նյութ, որը կարող է պարունակել կամ տարածել բույսերի վնասակար օրգանիզմ և որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական միջոցառումներ.

16) բուսասանիտարական փորձաքննություն` բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների լաբորատոր հետազոտություն` վնասակար օրգանիզմի առկայությունը կամ բացակայությունը հայտնաբերելու նպատակով.

17) բուսասանիտարական հաշվառում` բուսասանիտարիայի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալների հավաքում, դասակարգում, պահպանում, թարմացում և օգտագործում.

18) բուսասանիտարական հաշվառման վկայական` բուսասանիտարական հաշվառման արդյունքում ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող փաստաթուղթ.

19) բուսասանիտարական միջոցառում` պաշտոնական գործընթաց` ուղղված կարանտին վնասակար օրգանիզմի ներթափանցման և (կամ) տարածման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը.

20) բուսասանիտարական անձնագիր` Հայաստանի Հանրապետությունում արտադրված բույսերը, բուսական արտադրանքը և այլ կարգավորվող առարկաներն ուղեկցող փաստաթուղթ, որը հավաստում է դրանց ստուգված և կարանտին վնասակար օրգանիզմից զերծ լինելու մասին.

21) խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի կողմից գործողության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող սահմանված նույն պահանջներին համապատասխանող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից փաստաթղթով.

22) բուսասանիտարական ուսումնասիրություն` պաշտոնական միջոցառում` անցկացված սահմանված ժամանակահատվածում, վնասակար օրգանիզմի սերնդատվության բնութագրի կամ տվյալ գոտում վնասակար օրգանիզմների կազմի որոշման նպատակով.

23) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք` բույսեր, բուսական արտադրանք և այլ կարգավորվող առարկա.

24) ագրոքիմիկատներ` պարարտանյութեր, քիմիական հողաբարելավիչներ, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.

25) պեստիցիդ` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է բույսերի հիվանդությունների, որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, չվերամշակված գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացները խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների տարածման ու զարգացման կանխարգելման կամ ոչնչացման համար: Պեստիցիդների հիմնական խմբերից են միջատասպանները (ինսեկտիցիդները), տզասպանները (ակարիցիդները), կրծողասպանները (ռոտենդիցիդները), սնկասպանները (ֆունգիցիդները), մանրէասպանները (բակտերիոցիդները), նեմատոդասպանները (նեմատոցիդները), մոլախոտասպանները (հերբիցիդները), բույսերի աճի կարգավորիչները, բույսերի պատվաստանյութերը, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները, ֆումիգանտները.

26) սերմանյութ (տնկանյութ)` սորտի վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ դրա առանձին մաս.

27) բույսերի պաշտպանության միջոցներ՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ.

28) հրատապ դեպք՝ բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածման կամ դրա հետևանքով հասցվող վնասի կանխարգելման կամ բույսերի պաշտպանության կամ հողերի բերրիության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների քանակի պահանջարկ, որն ուղղված է բույսերի վնասակար օրգանիզմների դեմ հրատապ պայքարին և բույսերի համար անհրաժեշտ սննդատարրերով ապահովելուն:

29) ազդող նյութ` պեստիցիդի պատրաստուկային ձևի մեջ առկա կենսաբանորեն ակտիվ բաղադրիչ, որն ապահովում է պեստիցիդի նպատակային օգտագործման արդյունավետությունը.

30) ֆերոմոն՝ կենդանի օրգանիզմների ներզատիչ և արտազատիչ գեղձերի գործունեության արգասիք հանդիսացող բուրավետ նյութերի համանման սինթետիկ քիմիական պատրաստուկ, որը պեստիցիդ է և կիրառվում է վնասակար օրգանիզմների դեմ պայքարելու, դրանց տարածումը, զարգացումը կանխարգելելու, նվազեցնելու, ինչպես նաև վնասակար օրգանիզմների զարգացմանը, թռիչքի շարժին հետևելու և դրանց դեմ միջատասպանների կիրառման ժամկետները որոշելու համար։ Ֆերոմոնները վնասակար օրգանիզմների կենսաքիմիական պրոցեսների վրա ազդելու փոխարեն խաթարում են դրանց զուգավորման բնական ցիկլը.

31) դեֆոլիանտ՝ պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որը բույսերի շրջանում առաջացնում է արհեստական տերևաթափ։ Որոշակի չափաքանակով կիրառելու դեպքում բույսերի կենսունակությունը դրանից չի նվազում և գյուղատնտեսության մեջ օգտագործվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով.

32) դեսիկանտ՝ պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որն արագացնում է մշակաբույսերի հասունացումը, չորացումը, կիրառվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով.

33) ֆումիգանտ՝ պեստիցիդ հանդիսացող գազային վիճակով քիմիական նյութ, որը կիրառվում է վնասակար օրգանիզմների (միջատների) դեմ պայքարելու համար, և այն դրանց օրգանիզմ է թափանցում շնչուղիների միջոցով.

34) վարակազերծում՝ բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների նկատմամբ իրականացվող գործողությունների համալիր, որն ուղղված է կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացմանը.

35) արտադրող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրացման նպատակով իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն.

36) արտադրական տարածք՝ արտադրամաս, որտեղ անմիջապես արտադրողի կողմից կամ արտադրողի պատվերով և նրա կողմից սահմանված համապատասխան բաղադրությամբ իրականացվում է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն.

37) առևտրային անվանում` պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանում, որի ներքո պեստիցիդը կամ ագրոքիմիկատը մակնշվում է, գրանցվում, գովազդվում և օգտագործվում է տվյալ արտադրանքը նույնատիպ ազդող նյութ կամ սննդատարր պարունակող այլ պեստիցիդներից կամ ագրոքիմիկատներից տարբերելու նպատակով.

38) քաղաքականություն մշակող լիազոր մարմին՝ բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականություն մշակող պետական կառավարման համակարգի մարմին.

39) սննդատարր՝ քիմիական տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի ու զարգացման համար, և որի պարունակությունն ագրոքիմիկատի մեջ ապահովում է դրա սնուցող հատկությունները՝ կախված տարրի քանակից՝ դասակարգվելով որպես մակրոտարր, մեզոտարր կամ միկրոտարր.

40) ագրոքիմիկատի բաղադրիչ նյութ` ագրոքիմիկատի բաղադրության մեջ մտնող քիմիական նյութ կամ խառնուրդ, որն օգտագործվում է որպես լրացուցիչ բաղադրամաս պատրաստուկային ձևի ստացման համար կամ հումքի բնական խառնուրդ է, և որն ինքնին սննդատարր չէ, սակայն ազդում է արտադրանքի ֆիզիկաքիմիական հատկությունների վրա.

41) շրջանառություն՝ պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ներմուծում, արտահանում, պահպանում, փոխադրում, իրացում (այդ թվում՝ վաճառք, մատակարարում կամ ցանկացած այլ ձևով փոխանցում), ինչպես նաև օգտագործում (կիրառում)։

2. Բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:

(3-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-240-Ն, խմբ., լրաց. 23.03.18 ՀՕ-287-Ն, լրաց. 15.06.23 ՀՕ-220-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.11.24 ՀՕ-460-Ն, լրաց. 03.07.26 ՀՕ-307-Ն)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։