Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻՆ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 6.1. Ագրոքիմիկատների գրանցումը և վերագրանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.1. Ագրոքիմիկատների գրանցումը և վերագրանցումը

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են գրանցման, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված ագրոքիմիկատների:

2. Հայաստանի Հանրապետությունում ագրոքիմիկատները գրանցվում են ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով: Կառավարությունը սահմանում է պարզեցված ընթացակարգով ագրոքիմիկատների գրանցման իրականացման դեպքերը։

3. Ագրոքիմիկատների գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը:

4. Լիազոր մարմինը ընդհանուր ընթացակարգով ագրոքիմիկատների գրանցումն իրականացնում է հայտը ներկայացնելուց հետո՝ քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարզեցված ընթացակարգով՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Հայտում կամ հայտին կից՝ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված փաստաթղթերում թերությունների (վրիպակների, անճշտությունների, անհամապատասխանությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքերում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, հայտատուին առաջարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները, իսկ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետները երկարաձգվում են 10 աշխատանքային օրով:

6. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ագրոքիմիկատների գրանցումն իրականացվում է ընդհանուր ընթացակարգով: Գրանցման համար լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթերը.

1) ագրոքիմիկատի առևտրային անվանումը, սննդատարրերը, դրանց տոկոսային հարաբերությունը կամ պարունակությունը միավոր ծավալում և թույլատրելի շեղումները, բաղադրիչ նյութերը, պատրաստուկային ձևը, արտադրողի անվանումը, հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն և արտադրողի ներկայացրած արտադրական տարածքի գտնվելու երկիրը).

2) ագրոքիմիկատի կիրառման եղանակները, կիրառման անվտանգությանը ներկայացվող պահանջները.

3) աշխատանքային գոտում օդում ագրոքիմիկատի թույլատրելի սահմանային քանակը (տվյալների առկայության դեպքում).

4) ագրոքիմիկատի սննդատարրերի քիմիական փորձաքննության մեթոդիկան.

5) ագրոքիմիկատի թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթուղթը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի.

6) սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ագրոքիմիկատի պիտակի նկարագիրը։

7․ Օտարերկրյա պետություններում արտադրված, փորձարկված և գործածության մեջ գտնվող ագրոքիմիկատները գրանցվում են հետևյալ ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով.

1) ընդհանուր ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝

ա. սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը,

բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ.

2) պարզեցված ընթացակարգով գրանցման համար պահանջվում են՝

ա. սույն հոդվածի 6-րդ մասի 1-3-րդ և 6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,

բ. տեղեկություն գրանցող երկրի, գրանցման տարեթվի, համարի և գրանցող երկրի գործող անվանացանկում ագրոքիմիկատի ընդգրկվածության վերաբերյալ, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի։

8. Լիազոր մարմինը փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո կայացնում է տվյալ ագրոքիմիկատը գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում և թղթային կամ էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում պատշաճորեն տեղեկացնում է հայտատուին:

9. Լիազոր մարմինը ագրոքիմիկատների գրանցումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում ագրոքիմիկատների գրանցման փաթեթը վերադարձնում է հայտատուին։ Գրանցումը մերժում է, եթե`

1) ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որևէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի և ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.

2) հայտատուն սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում չի շտկել հայտնաբերված թերությունները:

10. Ագրոքիմիկատի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

11. Ագրոքիմիկատները ենթակա են վերագրանցման, եթե գրանցման ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վերագրանցման մասին հայտ է ներկայացվել, և ագրոքիմիկատի սննդատարրերի կազմը, դրանցից յուրաքանչյուրի տոկոսային հարաբերությունը չեն փոփոխվել։ Պարզեցված ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատների դեպքում վերագրանցումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված պարզեցված ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան, իսկ ընդհանուր ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատների դեպքում՝ ընդհանուր ընթացակարգով գրանցման դրույթներին համապատասխան։

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված վերագրանցումը կատարվում է այն դեպքում, երբ վերագրանցման պահին ագրոքիմիկատը արտադրող երկրում գրանցված է, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքի հիման վրա պարզեցված ընթացակարգով գրանցված ագրոքիմիկատի։

(6.1-ին հոդվածը լրաց. 15.11.24 ՀՕ-460-Ն, լրաց., խմբ. 03.07.26 ՀՕ-307-Ն)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։