Հոդված 12. Բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի դեմ տարվող պայքարը
Հոդված 12. Բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի դեմ տարվող պայքարը
1. Բուսասանիտարիայի ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`
1) գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի և տնկարկների կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.
2) հողում և բուսական արտադրանքում պեստիցիդների և ագրոքիմիկատների թույլատրելի մնացորդային առավելագույն քանակի չգերազանցումը.
3) բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննումը, ստուգումը և փորձաքննությունը:
2. Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների, օգտագործումից հանված, ժամկետանց, անորակ և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործումը.
2) մինչև 18 տարեկան, պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած անձանց, ինչպես նաև հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավումը պեստիցիդների հետ կատարվող աշխատանքներում.
3) ախտահանված սերմերի` որպես սնունդ, անասնակեր օգտագործումը.
4) կարանտին հայտարարված տարածքներից բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների արտահանումն առանց բուսասանիտարական անձնագրի:
3. Բույսերի վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու, անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով քաղաքականություն մշակող լիազոր մարմինն իրականացնում է բուսասանիտարական ուսումնասիրություն:
(12-րդ հոդվածը լրաց. 15.06.23 ՀՕ-220-Ն, փոփ. 15.11.24 ՀՕ-460-Ն, 04.03.26 ՀՕ-74-Ն)
(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)