Հոդված 20
Հոդված 20.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24․1-ին հոդվածով․
«Հոդված 24.1. Շրջանակային համաձայնագրերը
1. Պատվիրատուների կամ դրանց առանձին խմբերի կարիքների համար գնումները կարող են կատարվել բաց շրջանակային համաձայնագրերով՝ նախաորակավորման միջոցով։ Շրջանակային համաձայնագրերի և դրանց հիման վրա պայմանագրերի նկատմամբ հավելյալ պահանջները, պատվիրատուների առանձին խմբերի կողմից շրջանակային համաձայնագրերի կնքման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2․ Շրջանակային համաձայնագրերը կարող են կնքվել ինչպես գնման առարկայի կամ առարկաների ձեռքբերման նպատակով, այնպես էլ գնման կարիքի նկարագրերի հիման վրա։ Գնման առարկան հայտնի լինելու դեպքում վերջինիս բնութագրերը ներառվում են հրավերում, բնութագրի փոփոխման դեպքում շրջանակային համաձայնագրում արդեն իսկ ներառված մասնակիցները պարտավոր են կրկին անցնել որակավորման ընթացակարգը։
3․ Որակավորման պահանջների խստացման դեպքում շրջանակային համաձայնագրում արդեն իսկ ներառված բոլոր մասնակիցները պարտավոր են կրկին անցնել որակավորման ընթացակարգը։ Շրջանակային համաձայնագրի գործողության դադարեցման մասին որոշումն ընդունում է պատվիրատուի ղեկավարը։
4․ Շրջանակային համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր գնման դեպքում կարող են կիրառվել բոլոր ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերը, պայմանով, որ հրավերը տրամադրվում է բոլոր մասնակիցներին։
5․ Շրջանակային համաձայնագրերը կնքվելուն հաջորդող օրը հրապարակվում են գնումների միասնական հարթակում:
6․ Շրջանակային համաձայնագրի հրավերը գործում է մինչև շրջանակային համաձայնագրի դադարեցումը և ցանկացած պահի հնարավորություն է ընձեռում սույն օրենքի համաձայն գնման գործընթացին մասնակցելու իրավունք ունեցող ցանկացած անձի դիմելու մասնակցության համար։
7․ Շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով պատվիրատուն գնումների միասնական հարթակում հրապարակում է և շրջանակային համաձայնագրի գործողության ողջ ընթացքում հասանելի պահում շրջանակային համաձայնագրի հրավերը։
8․ Շրջանակային համաձայնագրի հրավերը պետք է առնվազն պարունակի՝
1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը․
2) գնման ընթացակարգի ծածկագիրը․
3) մասնակիցների՝ շրջանակային համաձայնագրի ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը․
4) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը․
5) նշում այն մասին, որ հրավերը նախատեսում է շրջանակային համաձայնագրի կնքում և չի երաշխավորում ապագայում գնման պայմանագրերի կնքում․
6) շրջանակային համաձայնագրի ներքո գնման առարկայի կամ գնման կարիքի նկարագրությունը․
7) մասնակցի՝ մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը, պահանջները բավարարող կամ չբավարարող ճանաչելու չափանիշները․
8) շրջանակային համաձայնագրին միանալու հայտի պատրաստման և ներկայացման կարգը, այդ թվում՝ ձևն ու վայրը, լեզուն․
9) հայտի գնահատման և որոշման կայացման ժամկետները, որոնք չեն կարող գերազանցել երեք ամիսը․
10) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը, և գնման գործընթացը կազմակերպվում է բազմակի օգտագործման ցանկերի ընթացակարգով․
11) շրջանակային համաձայնագիր կնքելու կամ կնքումը մերժելու կարգը։
9․ Հրավերին կցվում և անբաժանելի մաս է համարվում շրջանակային համաձայնագրի նախագիծը։
10․ Շրջանակային համաձայնագրերի գնման գործընթացի պարագայում սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծվում է գնահատող հանձնաժողով, որը գործում է շրջանակային համաձայնագրի գործողության ողջ ընթացքում։
11․ Շրջանակային համաձայնագրին միանալու հայտն ստանալու պահից շրջանակային համաձայնագրի հրավերով սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովը կայացնում է որոշում՝
1) մասնակցին շրջանակային համաձայնագրի պայմանները բավարարող ճանաչելու և շրջանակային համաձայնագիր կնքելու մասին կամ
2) մասնակցին շրջանակային համաձայնագրի պայմանները չբավարարող ճանաչելու և շրջանակային համաձայնագիր կնքելը մերժելու մասին։
12․ Շրջանակային համաձայնագրի պայմանները բավարարող կամ չբավարարող ճանաչելու և շրջանակային համաձայնագիր կնքելու կամ կնքելը մերժելու մասին որոշումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է գնումների միասնական հարթակում և ծանուցվում է մասնակցին։ Որոշումը հրապարակվելու պահից շրջանակային համաձայնագիրը համարվում է կնքված, մասնակիցը համարվում է միացման պայմանագրին ամբողջությամբ միացած, և շրջանակային համաձայնագրի ներքո նոր նախաձեռնվող գնումները հասանելի են դառնում մասնակցի համար։
13․ Շրջանակային համաձայնագրի ներքո մասնակիցների միջև մրցակցային ընթացակարգի նկատմամբ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով մասնակիցների հավասար հնարավորություններ և սույն օրենքի սկզբունքներին համապատասխանություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված ղեկավար պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված դեպքերում ֆիզիկական անձից փորձագիտական կամ մասնագիտական ծառայությունների ձեռքբերման ժամանակ հայտերի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում այն ֆիզիկական անձանց մասին, որոնց հետ կարող են կնքվել պայմանագրեր, և այն ֆիզիկական անձանց մասին, որոնց հետ չեն կարող կնքվել պայմանագրեր: Հանձնաժողովի որոշման հիման վրա պատվիրատուի ղեկավարն ընտրում է այն ֆիզիկական անձին, որի հետ կնքվում է պայմանագիր: Գնման ընթացակարգը հայտարարվում է չկայացած, եթե պատվիրատուի ղեկավարը չի ընտրում որևէ ֆիզիկական անձի:
14․ Եթե շրջանակային համաձայնագրի գործողության ընթացքում ընտրված մասնակիցներից որևէ մեկի մոտ ի հայտ են գալիս սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված հիմքերը, ապա տվյալ մասնակցի հետ չի կարող կնքվել շրջանակային համաձայնագրից բխող գնման պայմանագիր։»։