Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող իրավական այլ ակտերը
1. Սույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`
1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը.
2) էլեկտրոնային կամ այլ ձևերով գնումների կատարման կարգը, պայմանով, որ գնումները թղթային ձևով կարող են կատարվել միայն էլեկտրոնային համակարգերի կիրառման անհնարինության դեպքում.
3) գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը.
4) հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները.
5) գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը: Ընդ որում, կարգը նախատեսում է կարգավորումներ նաև պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի վերաբերյալ: Կնքված պայմանագրում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև պայմանագրի կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման որոշումն ընդունում է պատվիրատուի ղեկավարը: Որոշումն ընդունելուն հաջորդող օրը այն հրապարակվում է գնումների միասնական հարթակում, բացառությամբ գաղտնի գնումների.
6) գնումների համակարգողներին որակավորում շնորհելու և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստում անցկացնելու կարգը.
7) գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը.
8) ըստ գնման ընթացակարգերի՝ հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի, պայմանագրի և որակավորման ապահովման ձևին և չափին ներկայացվող պահանջները.
9) որակավորման ապահովման պայմանի կիրառման դեպքերը.
10) սույն օրենքով նախատեսված մրցակցային և մեկ անձից գնման ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները.
11) շրջանակային համաձայնագրերի կնքման կարգը և դրա առանձնահատկությունները․
12) շրջանակային համաձայնագրի ներքո կատարվող գնումների համար մասնակիցների միջև մրցակցային ընթացակարգի նկատմամբ պահանջները․
12.1) գնման գործընթացների վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների ազդեցության մակարդակի բարձրացման դեպքերը՝ գնումների գործընթացների վրա վերջիններիս փաստացի կամ հնարավոր ազդեցությունից ելնելով.
12.2) գնման գործընթացների վրա սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամների գործադիր մարմնի ղեկավարներին կամ գործադիր մարմնի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներին սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված երկրորդ և երրորդ մակարդակներում ներառելու և (կամ) մակարդակները բարձրացնելու դեպքերը.
13) կենտրոնացված եղանակով իրականացվող գնումների իրականացման կարգը.
14) պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը.
15) սույն օրենքով նախատեսված փոխկապակցված անձանց հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը.
16) ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատման կարգը.
17) սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը: Կարգը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ.
18) միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները, եթե այդ պայմանագրերով չեն նախատեսվում այլ ընթացակարգերի կիրառում.
19) սույն օրենքի շրջանակներում արհեստական բանականության գործիքների կիրարկման կարգն ու պայմանները:»: