Հոդված 18. ․ Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 18․ Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Մեկ անձից գնումների կատարման պայմանները
1․ Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`
1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներից որևէ մեկի առկայությամբ․
ա․ գնումը պայմանավորված է հեղինակային և հարակից իրավունքներով,
բ․ սահմանված կարգով հաստատված ոլորտային քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ միջոցառման լիարժեք իրականացման շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ձեռք բերել որևէ այլ անձից, պայմանով, որ գնման առարկայի գինը պետք է գերազանցի պատվիրատուի կարիքների համար նախատեսված գնումների ընդհանուր արժեքի 10 տոկոսը: Սույն ենթակետի հիման վրա գնման գործընթացը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությամբ,
գ. գնման առարկայի բացառիկությամբ պայմանավորված ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ձեռք բերել որևէ այլ անձից: Սույն ենթակետի կիրառման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
դ. գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների կամ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումն իրականացվում է գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից,
ե. պատվիրատուն ձեռք է բերում ապրանքի կամ ծառայության նախատիպ կամ նմուշ։ Այս դեպքում պայմանագիրը ներառում է փորձարկումների և (կամ) ապրանքի կամ ծառայության՝ սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգելու վերաբերյալ պայմաններ, սակայն չի կարող ներառել այնպիսի պայմաններ կամ արտադրության կամ մատակարարման քանակություններ, որոնք միտված են առևտրային կենսունակության հաստատմանը կամ հետազոտության և մշակման (R&D) ծախսերի փոխհատուցմանը,
զ. ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարների որոշումների հիման վրա՝ այդ որոշումներով սահմանված կոնկրետ անձանցից,
է. պատվիրատուն ձեռք է բերում պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ, ռազմական կարիքների ապահովման համար անհրաժեշտ անշարժ գույք, կառավարական և օպերատիվ կապի ապահովման համար անհրաժեշտ ծառայություններ,
ը. արտաքին հետախուզական, հակահետախուզական գործունեության ապահովման նպատակով պատվիրատուն ձեռք է բերում պետական գաղտնիք պարունակող հատուկ տեխնիկական միջոցներ, ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ.
2) արտակարգ կամ չկանխատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և, արտակարգ կամ չկանխատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել.
3) պատվիրատուն, որևէ անձից կատարելով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով՝ սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ լրացուցիչ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնման պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու: Միևնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել պատվիրատուի կողմից սույն կետով սահմանված պայմանի ընտրության նկատմամբ լրացուցիչ խստացնող և սահմանափակող պայմաններ․
4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը.
5) գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս․
6) գնումը պայմանավորված է արդեն իսկ գործող համակարգերի շարունակականության ապահովմամբ՝ լրացուցիչ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման արդյունքում կարող են առաջանալ համատեղելիության խնդիրներ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել պատվիրատուի կողմից սույն կետով սահմանված պայմանի ընտրության նկատմամբ լրացուցիչ խստացնող և սահմանափակող պայմաններ։
2. Մեկ անձից գնումների պայմաններին համապատասխանությունը և գնման ընթացակարգի ընտրությունը որոշում է պատվիրատուի ղեկավարը: Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի հարյուրապատիկը, ապա նման դեպքում պատվիրատուն կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ գնումը մեկ անձից գնման ընթացակարգի կիրառմամբ իրականացնելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել դիմելու համար լրացուցիչ պայմաններ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է նախատեսել սահմանափակումներ պատվիրատուի կողմից մեկ անձից գնման ընթացակարգով կնքվող պայմանագրով ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների վերաբերյալ։»: