Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-10-16-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 21. Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը

գործել է մինչև 2020-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 21. Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը

1. Շրջակա միջավայրի վիճակի և (կամ) բնապահպանության բնագավառը կանոնակարգող օրենքներով ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների փոփոխման դեպքում լիազոր մարմինը ձեռնարկողին ծանուցում է բնապահպանական նոր պայմանների և դրանց իրականացման ժամկետների վերաբերյալ: Ծանուցումը ստանալուց հետո ձեռնարկողի՝ սահմանված ժամկետում այդ պայմանները չկատարելու դեպքում լիազոր մարմինը ուժը կորցրած է ճանաչում իր տված փորձաքննական եզրակացությունը:

2. Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով.

2) փորձաքննության ենթարկված նախագծային և հիմնադրութային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմնին այդ մասին տեղեկացնելու.

3) սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված պայմանները չեն կատարվել սահմանված ժամկետներում.

4) ընդունվել է բնապահպանական նոր օրենսդրություն.

5) փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ:

3. Ձեռնարկողը սույն հոդվածի 1-ին մասով նշված ծանուցումն ստանալուն պես պարտավոր է իր գործունեությունը համապատասխանեցնել լիազոր մարմնի ներկայացրած պահանջներին, չկատարելու դեպքում լիազոր մարմնի կողմից գործունեությունը դադարեցվում է մինչև պահանջների կատարումը:

4. Ձեռնարկողը, փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկել վարչական կամ դատական կարգով:

5. Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։