Հոդված 7. Տեղական տուրքերի տեսակները
Հոդված 7. Տեղական տուրքերի տեսակները
Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող են սահմանվել տեղական տուրքերի հետևյալ տեսակները`
ա) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների (այդ թվում` ոչ հիմնական) շինարարության, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) իրականացնելու նպատակով շինարարության թույլտվության, իսկ ոչ հիմնական շինությունների մասով` տեղադրման թույլտվության համար.
բ) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույտվության համար.
գ) համայնքի տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներում` ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար.
դ) համայնքի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար.
ե) համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին) և խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.
զ) համաքաղաքային կանոններին համապատասխան քաղաքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար.
է) համայնքային կանոններին (Երևանում համաքաղաքային կանոններին) համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար.
ը) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար.
թ) համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.
ժ) համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար.
ժա) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.
ժբ) համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար: Սույն ենթակետով սահմանված տեղական տուրքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով.
ժգ) համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.
ժդ) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար.
ժե) Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար.
ժզ) համայնքի տարածքում մասնավոր գերեզմանատան շահագործման թույլտվության համար:
(7-րդ հոդվածը խմբ. 08.07.05 ՀՕ-170-Ն, լրաց. 23.05.06 ՀՕ-90-Ն, խմբ., լրաց. 27.02.07 ՀՕ-133-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-24-Ն, խմբ., լրաց. 23.06.11 ՀՕ-224-Ն, փոփ. 20.03.12 ՀՕ-41-Ն, խմբ., լրաց. 11.09.12 ՀՕ-178-Ն, լրաց. 06.12.12 ՀՕ-225-Ն, 26.02.15 ՀՕ-10-Ն, խմբ. 29.04.15 ՀՕ-32-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-152-Ն)