Հոդված 11. Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը
Հոդված 11. Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը
1. Տեղական տուրքերի դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝ օրենքով սահմանված կարգով:
2. Համայնքներում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում ավագանու որոշմամբ սահմանված գոտիների համար կարող են սահմանվել տեղական տուրքերի և վճարների տարբեր դրույքաչափեր:
3. Համայնքի վարչական տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
4. Գյուղական կամ քաղաքային բնակավայրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային բնակավայրերի համար օրենքով կարող են սահմանվել տեղական տուրքերի դրույքաչափերի տարբեր գործակիցներ:
5. Օրացուցային տարվա համար ավագանու սահմանած տեղական տուրքի դրույքաչափերը փոփոխության չեն կարող ենթարկվել: Օրացուցային տարվա կամ եռամսյակի համար տեղական տուրքի դրույքաչափը համամասնորեն հաշվարկվում է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած մինչև օրացուցային տարվա կամ եռամսյակի ավարտը:
(11-րդ հոդվածը խմբ. 11.02.21 ՀՕ-76-Ն)