Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՊՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՊՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերը ձերբակալված և կալանավորված անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ ապահովելու համար ստեղծում են համապատասխան պայմաններ: Այդ նպատակով ստեղծվում են տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

Ձերբակալված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են սահմանափակվել հսկող դատախազի հաստատած՝ քննիչի որոշմամբ, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման: Այդ մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալված անձին, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմին:

Կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:

Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Գրաքննությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Կալանավորված անձի նամակագրությունը կարող է սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված՝ դատարանի որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ` թերթերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելու համար: Կալանավորվածներին պահելու վայրի խցերը ապահովվում են ռադիոընդունիչներով, այնտեղ կարող են տեղադրվել հեռուստացույցներ:

Կալանավորված անձանց մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ: Կալանավորված անչափահաս անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայն ազգականների կամ այլ անձանց ուղեկցությամբ:

Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը:

Կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

Կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում: Կարճաժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանքի տակ պահելու ժամկետի մեջ:

Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է կալանավորված անձը:

(17-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-162-Ն, փոփ. 03.06.19 ՀՕ-53-Ն, խմբ. 15.06.22 ՀՕ-249-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։