Հոդված 26. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագիրը
Հոդված 26. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագիրը
1. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրի պայմանները սահմանվում են ֆոնդի կանոններով:
2. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրին միանալը կատարվում է ֆոնդի մասնակցի կողմից փայի ձեռքբերմամբ:
3. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագիրը դադարում է փայի օտարմամբ, այդ թվում` հետգնմամբ (ֆոնդի կառավարման պայմանագրի լուծում), ինչպես նաև ֆոնդի դադարեցմամբ:
4. Կառավարիչը կարող է հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից միայն սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված դեպքում, ինչպես նաև պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:
5. Կենտրոնական բանկը կարող է իր նախաձեռնությամբ կամ համապատասխան ֆոնդի պահառուի միջնորդության հիման վրա պահանջել կառավարչից հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից` ֆոնդի մասնակիցների օրինական շահերը պաշտպանելու նպատակով, եթե կառավարիչը չի կատարում օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունները կամ բազմիցս կամ չարամտորեն կամ կոպիտ կերպով խախտել է դրանց պատշաճ կատարման պահանջը:
6. Բացի սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերից, պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագիրը դրա կողմ համարվող կառավարչի փոփոխության ձևով փոփոխվում է նաև կառավարչի լիցենզիան կամ կենսաթոշակային ֆոնդի դեպքում համապատասխան թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցվելու և այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդին միանալու դեպքերում:
7. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը, որի համար պահանջվում է ֆոնդի մասնակիցների առնվազն մեծամասնության համաձայնությունը, բացառությամբ բաց պայմանագրային ֆոնդերի և այն փակ պայմանագրային ֆոնդերի, որոնց կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում: Ընդ որում, փակ պայմանագրային ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող կամ այլ էական փոփոխության դեպքում ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում ներկայացնելու իր փայերի հետգնման պահանջ: Եթե փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում, ապա այդ ֆոնդի կանոնների փոփոխությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 50-րդ հոդվածով և 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները:
8. Մասնակիցների իրավունքների սահմանափակմանը հանգեցնող կամ այլ էական փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանց գրանցման պահից երկու ամիս հետո, եթե կանոններով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:
(26-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-72-Ն)