Հոդված 51. Ֆոնդի կառավարումը
Հոդված 51. Ֆոնդի կառավարումը
1. Ֆոնդի կառավարումը ֆոնդի գործունեության հետ կապված հարցերի լուծումն է, բացառությամբ սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) ֆոնդի ժողովին (դրա առկայության դեպքում) վերապահված լիազորությունների, որը մասնավորապես ներառում է`
1) ներդրումների կառավարումը, որը ենթադրում է ֆոնդի ներդրումային քաղաքականության շրջանակներում ֆոնդի ակտիվների ներդրման վերաբերյալ որոշումների կայացում և իրականացում.
2) կառավարչական գործառույթները`
ա. փայերի կամ բաժնետոմսերի թողարկման և հետգնման (մարման) կազմակերպում,
բ. ֆոնդի կառավարման հետ կապված իրավաբանական գործառույթներ և հաշվապահական հաշվառման կազմակերպում,
գ. ֆոնդի զուտ ակտիվների արժեքի, ինչպես նաև փայերի կամ բաժնետոմսերի հաշվարկային արժեքի և տեղաբաշխման ու հետգնման (մարման) գնի հաշվարկում,
դ. ֆոնդի մասնակիցների ռեեստրի վարում,
ե. ֆոնդի եկամտի որոշում և ֆոնդի մասնակիցների միջև եկամտի բաշխման կազմակերպում,
զ. ֆոնդի մասնակիցների համար որպես պայմանագրային ֆոնդի միջոցով ստացված եկամուտների, ինչպես նաև կորպորատիվ ներդրումային ֆոնդի թողարկած արժեթղթերից ստացված շահաբաժնի և այդ արժեթղթերի հետգնումից ստացված եկամտի մասով հարկային գործակալ հանդես գալը,
է. ֆոնդի մասնակիցներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
ը. կառավարչական այլ գործառույթներ.
3) փայերի կամ բաժնետոմսերի առաջարկի և տեղաբաշխման կազմակերպումը (մարկետինգ):
2. Սույն օրենքում ֆոնդի կառավարումը նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարումն է, եթե կոնկրետ դրույթի իմաստից չի բխում, որ տվյալ դեպքում ֆոնդի կառավարումը միայն կենսաթոշակային ֆոնդից տարբերվող այլ ֆոնդերի կառավարումն է:
3. Միևնույն ֆոնդի կառավարումն իրականացնում է միայն մեկ կառավարիչ:
4. Կառավարիչը կարող է կառավարել մեկից ավելի ֆոնդեր: Ընդ որում, նույն կառավարչի կողմից կառավարվող պայմանագրային ֆոնդերը պետք է միմյանցից տարբերվեն իրենց տեսակով, ներդրումային քաղաքականությամբ, ֆոնդի մասնակիցների` փայերով հավաստվող իրավունքներով և (կամ) ֆոնդի մասնակիցների շրջանակի սահմանափակումներով:
5. Սույն օրենքի իմաստով ֆոնդի կառավարումը միայն կառավարչի կողմից իրականացվող կառավարումն է, բացառությամբ սույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված ֆոնդի ժողովի կողմից իրականացվող ֆոնդի կառավարման: