Հոդված 23. Կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը
Հոդված 23. Կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը
1. Կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունը, ի լրումն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց կանոնադրությանը ներկայացվող պահանջներին, պետք է պարունակի`
1) ֆոնդի տեսակը (ըստ ներդրումային քաղաքականության և ըստ փայերի (բաժնետոմսերի) թողարկման և հետգնման կառուցակարգի) և կարգավիճակը (կորպորատիվ ֆոնդ).
2) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, այդ թվում` ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները, ներդրումների հետ կապված ռիսկերի համառոտ նկարագիրը.
3) ածանցյալներով գործարքների կնքման նպատակները, թույլատրելի ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, սահմանաչափերը, թույլատրելի ռիսկերի առավելագույն չափերը և դրանց հաշվարկման մեթոդը, եթե ֆոնդի կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ածանցյալ ֆինանսական գործիքներում.
4) ֆոնդի բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման), ինչպես նաև դրանց թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման) կասեցման կարգը և պայմանները.
5) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը.
6) ֆոնդի ակտիվներից կառավարչին և պահառուին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը.
7) ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի տեսակները և դրանց առավելագույն չափը.
8) ֆոնդի բաժնետոմսերի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման և հրապարակման կարգն ու ժամկետները.
9) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի ակտիվների զուտ արժեքի հաշվարկման կարգը.
10) կառավարչի և պահառուի փոփոխման կարգը և պայմանները.
11) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում).
12) տեղեկատվության հրապարակման կարգը.
13) ֆոնդի կանոնադրության փոփոխման կարգը.
14) ֆոնդի տեսակի փոփոխման, ֆոնդի վերակազմակերպման և ֆոնդի լուծարման կարգը.
15) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բաց կորպորատիվ ֆոնդի կանոնադրությունում ներառման ենթակա այլ դրույթներ և տեղեկություններ:
3. Ֆոնդի կանոնադրությունում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու դեպքում այդ փոփոխությունները և (կամ) լրացումները պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները և (կամ) լրացումները ենթակա են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից: Բաց կորպորատիվ ֆոնդի բաժնետոմսերի թողարկման և հետգնման (մարման) հետևանքով կապիտալի փոփոխությունները չեն առաջացնում ֆոնդի կանոնադրության փոփոխության անհրաժեշտություն:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է գրանցել ֆոնդի կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները, եթե դրանք հակասում են օրենքին, դրա վրա հիմնված այլ նորմատիվ իրավական ակտերին և (կամ) չեն բխում ֆոնդի մասնակիցների շահերից:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում ֆոնդի կանոնադրության փոփոխությունների և (կամ) լրացումների գրանցմանը վերաբերող դրույթները չեն տարածվում որակավորված ներդրողների ֆոնդերի վրա, և վերջինների կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ` Կենտրոնական բանկ ներկայացվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում` առանց այդ փոփոխությունների և (կամ) լրացումների բովանդակության ստուգման, եթե առկա չէ ֆոնդի մասնակցի պահանջը Կենտրոնական բանկի կողմից դրանց` օրենքին և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխանությունն ստուգելու մասին:
(23-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն)