Հոդված 41. Ֆոնդի ակտիվների ներդրումների հետ կապված ռիսկերի բաշխումը
Հոդված 41. Ֆոնդի ակտիվների ներդրումների հետ կապված ռիսկերի բաշխումը
1. Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված թույլատրելի գործիքներում ֆոնդի ակտիվների ներդրման սահմանափակումները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Այդ սահմանափակումները կարող են վերաբերել`
1) ֆոնդի ակտիվների առավելագույն չափին, որը կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, այդ թվում` ըստ արժեթղթերի դասի.
2) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերի առավելագույն չափին, որը կարող է ձեռք բերվել ֆոնդի կողմից, այդ թվում` ըստ արժեթղթերի դասի.
3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափին, որը կարող է ներդրվել որպես ավանդ մեկ բանկում.
4) ֆոնդի ակտիվների նկատմամբ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց հետ ածանցյալ ֆինանսական գործիքով կնքված գործարքի կողմի հետ կապված ռիսկի ծավալին` կախված գործարքի կողմի տեսակից.
5) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմաններին և առավելագույն չափերին.
6) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերի, ներդրված բանկային ավանդների, տվյալ անձի (անձանց) հետ կնքված ածանցյալ ֆինանսական գործիքների ընդհանուր արժեքի և ֆոնդի ակտիվների արժեքի հարաբերակցության առավելագույն չափին.
7) այլ սահմանափակումներ, այդ թվում` ժամանակավոր գործողության:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առանձին սահմանափակումներ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքում կարող են չտարածվել նոր ստեղծված ստանդարտ ֆոնդերի վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում:
3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումներից շեղման դեպքեր և այդ շեղումների վերացման նվազագույն ժամկետներ և պայմաններ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սահմանափակումները կարող են տարբեր լինել ինդեքսային և դրամական շուկայի ֆոնդերի համար:
(41-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-198-Ն)