Հոդված 65. Կառավարչի ղեկավարների և կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ պահանջները
Հոդված 65. Կառավարչի ղեկավարների և կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ պահանջները
1. Կառավարչի ղեկավարներն են կառավարչի խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, ինչպես նաև տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
2. Կառավարչի ղեկավար չի կարող լինել, կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն չի կարող իրականացնել, ինչպես նաև նման գործունեություն իրականացնելու առաջարկությամբ չի կարող հանդես գալ այն անձը, որը`
1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) չունի սույն օրենքով սահմանված համապատասխան մասնագիտական որակավորում.
3) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի չվերացված դատվածություն.
4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
5) ճանաչված է սնանկ կամ ունի ժամկետանց պարտավորություններ.
6) նախկինում, բայց ոչ շուտ, քան երեք տարի առաջ զրկվել է սույն օրենքով կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնագիտական որակավորումից.
7) անցյալում կատարել է այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը` որպես կառավարչի ղեկավար կամ կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձ, չի կարող պատշաճ կերպով կառավարել կառավարչի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել կառավարչի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:
3. Կառավարչի խորհրդի նախագահը կամ անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ կառավարչի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաև այլ կառավարչի կամ ներդրումային ծառայություն մատուցող այլ անձի խորհրդի նախագահ կամ անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ, եթե կառավարիչներից մեկը (ներդրումային ծառայություն մատուցող այլ անձը) մյուսի դուստր ընկերությունն է:
4. Կառավարչի գործադիր տնօրենը կամ գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները չեն կարող միևնույն կառավարչի մոտ զբաղեցնել այլ պաշտոն կամ այլ կառավարչի կամ ներդրումային ծառայություն մատուցող այլ անձի մոտ լինել ղեկավար (բացառությամբ դուստր կամ հիմնական ընկերության խորհրդի նախագահի և անդամի, ինչպես նաև սույն օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի) կամ այլ աշխատակից: Կառավարչի գործադիր մարմնի ղեկավարը կամ անդամը կամ գործադիր տնօրենի տեղակալը կարող է իրականացնել միևնույն կառավարչի ֆոնդի կառավարման գործունեություն: Սույն մասում նշված անձինք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից, վճարովի այլ աշխատանք կարող են կատարել միայն խորհրդի համաձայնությամբ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կառավարչի ղեկավարների և (կամ) այլ աշխատակիցների համար կարող են նախատեսվել պաշտոնների համատեղելիության այլ սահմանափակումներ` ուղղված շահերի հնարավոր բախումների և այլ ռիսկերի կանխարգելմանը:
5. Կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող անձին արգելվում է սույն օրենքով սահմանված ֆոնդի կառավարման գործունեությունը այլ կառավարչի կազմում կամ անունից իրականացնելը, ինչպես նաև ներդրումային ծառայություն մատուցող անձի կազմում կամ անունից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված ներդրումային ծառայությունների մատուցումը: Սույն պահանջի խախտումը անձին մասնագիտական որակավորումից զրկելու հիմք է:
6. Կառավարչի ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել` ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրենց իրավունքներն իրականացնել և ֆոնդի մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն):
(65-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.06.14 ՀՕ-68-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-72-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-219-Ն)