Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-02-27։Բացել գործող տեքստը
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԵՐԸԳլուխ 16 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖՈՆԴԵՐԸ

Հոդված 98. Օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի վաճառքը Հայաստանի Հանրապետությունում

գործել է մինչև 2025-02-27Բացել ARLIS-ում

Հոդված 98. Օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի վաճառքը Հայաստանի Հանրապետությունում

1. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար օտարերկրյա ֆոնդը կամ նրա կառավարիչը պետք է ստանա Կենտրոնական բանկի խորհրդի նախնական թույլտվությունը:

2. Կենտրոնական բանկի նախնական թույլտվությունը ստանալու համար Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով Կենտրոնական բանկ են ներկայացվում`

1) նախնական թույլտվության տրամադրման միջնորդագիրը.

2) համապատասխան օտարերկրյա պետության` օտարերկրյա կառավարչի և (կամ) ֆոնդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա ֆոնդը և (կամ) օտարերկրյա կառավարիչն ունի համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն և գործում է տվյալ պետության օրենսդրության համաձայն.

3) օտարերկրյա կառավարչի կամ ֆոնդի գրանցման երկրի օրենսդրության համաձայն` կառավարչի և (կամ) ֆոնդի գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և լիցենզիայի, պայմանագրային ֆոնդի կանոնների` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները.

4) ֆոնդի կամ կառավարչի գործարար ծրագիրը.

5) ազդագիրը (բացառությամբ բաց ֆոնդի կամ որակավորված ներդրողների ֆոնդի թողարկած արժեթղթերի).

6) վերջին տարեկան և կիսամյակային հաշվետվությունները (եթե կիսամյակային հաշվետվությունը կազմվել է վերջին տարեկան հաշվետվությունից հետո)` հաստատված արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից.

7) Հայաստանի Հանրապետությունում փայերի կամ բաժնետոմսերի վաճառքի և հետգնման (մարման) ընթացակարգի մանրամասն նկարագիրը, այդ թվում` փայերի կամ բաժնետոմսերի վաճառքի և հետգնման (մարման) հետ կապված վճարումների կատարման պայմանները.

8) տեղեկություններ գործակալի վերաբերյալ, որի միջոցով իրականացվելու են արժեթղթերի վաճառքն ու հետգնումը (մարումը) և նրա հետ կնքված համապատասխան պայմանագիրը.

9) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

10) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվության տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Օտարերկրյա ֆոնդերի արժեթղթերի վաճառքը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում գրանցված գործակալի միջոցով (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի)` սույն օրենքի, այլ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ: Նման գործակալին Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ:

5. Օտարերկրյա ֆոնդի արժեթղթերը կարող են վաճառվել նաև տվյալ ֆոնդի կառավարիչ համարվող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կառավարչի կամ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի կողմից, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախնական թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ չեն ներկայացվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են կառավարչին (եթե Կենտրոնական բանկում առկա համապատասխան տեղեկություններում չեն կատարվել փոփոխություններ) և գործակալին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։