Հոդված 516. Հրամանը չկատարելը
Հոդված 516. Հրամանը չկատարելը
1. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառվել, կամ որն անզգուշությամբ հանգեցրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի խոշոր չափերի ոչնչացման կամ վնասման կամ այլ էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից,
3) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ
4) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
4. Սույն բաժնով նախատեսված զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով, զինծառայող համարվող անձն է (այսուհետ` զինծառայող):
5. Սույն բաժնում հրամանատար (պետ) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով զինծառայողից բարձր այն անձը կամ զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ կամ կարգադրություններ տալու կամ դրանց կատարումն ապահովելու իրավասություն:
6. Եթե զինծառայողն այլ անձի ապօրինի արարքի հետևանքով է ոչ իրավաչափորեն ձեռք բերել զինծառայողի կարգավիճակ, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն բաժնով նախատեսված հանցանքների կատարման համար: