Հոդված 182. Վտանգի մեջ թողնելը
Հոդված 182. Վտանգի մեջ թողնելը
1. Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել, կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե պարտավոր չի եղել հոգ տանել նրա մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր վիճակի մեջ՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ:
2. Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամել, կամ ինքն է նրան դրել կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում, եթե կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու դիտավորություն չի ունեցել՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) հղի կնոջ նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ կամ
3) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ`
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով: