Հոդված 289. Իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը
Հոդված 289. Իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-240-Ն)
1. Իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշ կամ դրոշմապիտակ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
2) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում 500-ից ավելի ակցիզային դրոշմանիշները կամ դրոշմապիտակները:
(289-րդ հոդվածը փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-240-Ն)