Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-02-ից մինչև 2025-10-30։Բացել գործող տեքստը
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 46 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 516. Հրամանը չկատարելը

գործել է մինչև 2025-10-30Բացել ARLIS-ում

Հոդված 516. Հրամանը չկատարելը

1. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառվել, կամ որն անզգուշությամբ հանգեցրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի խոշոր չափերի ոչնչացման կամ վնասման կամ այլ էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից,

3) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

4) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն բաժնով նախատեսված՝ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով զինծառայող համարվող անձն է կամ «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում (այսուհետ՝ զինծառայող)։

5. Սույն բաժնում հրամանատար (պետ) է համարվում այն անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ կամ կարգադրություններ տալու կամ դրանց կատարումն ապահովելու իրավասություն:

6. Եթե զինծառայողն այլ անձի ապօրինի արարքի հետևանքով է ոչ իրավաչափորեն ձեռք բերել զինծառայողի կարգավիճակ, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն բաժնով նախատեսված հանցանքների կատարման համար:

(516-րդ հոդվածը խմբ., փոփ. 29.02.24 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։