Հոդված 82. Քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով
Հոդված 82. Քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով
1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ:
2. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, որը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությանը հանցակցություն է, ապա նա հաշտության հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե առկա է հաշտության վերաբերյալ տուժողի և տվյալ հանցակցի՝ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը:
3. Եթե անչափահաս կամ սահմանափակ մեղսունակ անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա նա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և առկա է հաշտության վերաբերյալ տուժողի և հանցագործության համար մեղադրվող անձի շահերի պաշտպանության պարտականություն ունեցող անձի՝ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը:
4. Եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից, ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը չի կարող հաշտության հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից:
5. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:
(82-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-240-Ն)