Հոդված 24. ․ Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 24․ Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ֆինանսական կազմակերպության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետևյալ հերթականությամբ.
ա) առաջին` ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` աշխատավարձը` Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած նախահաշվի շրջանակում, ինչպես նաև «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված հատուկ ղեկավարի (ղեկավարության) աշխատավարձի լիազորությունների իրականացման համար ծախսերը և բանկի վերակառուցման գործընթացի շրջանակում անկախ գնահատման հետ կապված ծախսերը.
բ) երկրորդ` այն պարտատերերի պահանջները, որոնք ֆինանսական կազմակերպությանը վարկ, փոխառություն են տրամադրել ադմինիստրացիա նշանակվելուց հետո, կամ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված բանկի վերակառուցման որոշման կայացումից հետո ծագած պահանջները, բացառությամբ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի պահանջների և պարտատիրոջ և Կենտրոնական բանկի միջև կնքված պայմանագրով սահմանված դեպքերի.
գ) երրորդ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդները և բանկային հաշիվներին առկա մնացորդները` մինչև 16 միլիոն դրամի չափով, իսկ արտարժութային ավանդների (հաշիվների) դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափով: Մեկ անձի` բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, և դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ, իսկ ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում` ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները, որոնք բավարարվում են սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հերթականությամբ.
դ) չորրորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված` բանկի վերակառուցման որոշման կայացումից հետո ծագած՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի պահանջները.
ե) հինգերորդ` ֆինանսական կազմակերպության այլ պարտավորությունները, բացառությամբ երկրորդ հերթում ընդգրկված բանկային ավանդների և բանկային հաշիվների մնացորդների.
զ) վեցերորդ` պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ.
է) յոթերորդ՝ ութերորդ և իններորդ հերթերում չներառված ստորադաս փոխառությունների տրամադրման արդյունքում ձևավորված պահանջները.
ը) ութերորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի և վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների հիմնական տնտեսական նորմատիվի հաշվարկում ներառվող՝ վերակառուցման համար հասանելի ստորադաս պարտավորությունների արդյունքում ձևավորված պահանջները.
թ) իններորդ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի կազմում ներառվող ստորադաս փոխառությունները.
ժ) տասներորդ՝ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված դեպքերում կամ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով սահմանված ընդհանուր կապիտալի կազմում ներառվող ստորադաս փոխառությունների՝ կապիտալի փոխարկման արդյունքում բանկի մասնակից դարձած անձանց պահանջները՝ ըստ փոխարկման հաջորդականության.
ժա) տասնմեկերորդ` ֆինանսական կազմակերպության մասնակիցների պահանջները:
Սույն կետով սահմանված` ֆինանսական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության «գ», «դ», «ե», «է», «ը» և «թ» ենթակետերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում ֆինանսական կազմակերպության մասնակիցները և ֆինանսական կազմակերպության հետ կապված անձինք, որոնց նկատմամբ ֆինանսական կազմակերպությունները պարտավորությունները բավարարում են «ժա» ենթակետով սահմանված հերթում:
Սույն կետի «գ» ենթակետով սահմանված անձի` բանկի նկատմամբ ունեցած պահանջի գումարը 16 միլիոն դրամը (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափը) գերազանցելու դեպքում տվյալ անձի մինչև 16 միլիոն դրամի չափով (պահանջը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում` 7 միլիոն դրամին համարժեք չափով) պահանջը բավարարվում է «գ» ենթակետով սահմանված հերթում, իսկ այդ գումարը գերազանցող պահանջը` «դ» ենթակետով սահմանված հերթում:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի հիման վրա տրամադրված միջոցների չափով պահանջի իրավունք է ձեռք բերում բանկի նկատմամբ այն հերթում (հերթերում), որում տվյալ ավանդատուն (պարտատերը), համաձայն սույն հոդվածի, իրավունք կունենար ստանալու իր ավանդը (հաշվի մնացորդը):
Սույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետով սահմանված՝ բանկի այլ պարտավորությունները ներառում են նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Վերակառուցման հիմնադրամի կողմից հատուցման կազմակերպման հետ կապված ծախսերը:
Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ, բացառությամբ սույն կետի «ժ» ենթակետով սահմանված հերթում ընդգրկված պահանջների:
Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարվելուց հետո: «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցված գումարի չափով Բյուրոն պահանջի իրավունք է ձեռք բերում ապահովագրական ընկերության նկատմամբ այն հերթում (հերթերում), որի ընթացքում տվյալ տուժողը (պարտատերը), համաձայն սույն հոդվածի, իրավունք կունենար բավարարելու իր պահանջը:»։