Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-08-04-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ազդարարում՝ ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին.

2) ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.

3) ազդարարի հետ փոխկապակցված անձինք՝ ազդարարի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.

4) իրավասու մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետական հիմնարկ և կազմակերպություն, հանրային նշանակության կազմակերպություն, որը սույն օրենքով սահմանված երաշխիքների ապահովմամբ պարտավոր է ընթացք տալ ազդարարմանը.

5) հանրային նշանակության կազմակերպություն՝ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություն, որի աշխատողների կամ հաստիքների քանակը գերազանցում է հիսունը.

6) վնասակար գործողություն՝ գործողություն կամ անգործություն, որով ազդարարման համար ազդարարին կամ նրա հետ փոխկապակցված անձին հասցվում է վնաս՝ լուծելով աշխատանքային պայմանագիրը կամ նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ նրա հաստիքը կրճատելով կամ նրան աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնելով կամ նրա աշխատանքային գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտելով կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառումը մերժելով կամ նրա աշխատավարձը կամ պարգևավճարները կրճատելով կամ նրա գույքին վնաս պատճառելով կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ կիրառելով.

7) կոռուպցիոն բնույթի դեպքեր՝ պաշտոնի օգտագործմամբ կատարված իրավախախտումներ.

8) հանրային շահերին ուղղված այլ վնաս՝ հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության միջոցների կամ գույքի վատնում, ինչպես նաև այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։