Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ հարաբերությունների մեջ կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար: Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.

2) ազդարարում՝ ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և հանրային նշանակության կազմակերպություններում, ինչպես նաև մասնավոր ոլորտի կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում սույն օրենքով նախատեսված իրավասու մարմին.

3) ներքին ազդարարում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և հանրային նշանակության կազմակերպություններում, ինչպես նաև մասնավոր ոլորտի կազմակերպություններում ազդարարելը․

4) արտաքին ազդարարում՝ արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարելը․

5) ազդարարում հանրությանը՝ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակման միջոցով ազդարարելը․

6) ազդարարի հետ փոխկապակցված անձինք՝ ազդարարի ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները.

7) իրավասու մարմին՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերում թվարկված մարմիններ կամ մարմինների ղեկավարի լիազորած անձինք, որոնք սույն օրենքով սահմանված կարգով պարտավոր են ընթացք տալ ազդարարմանը.

8) մասնավոր ոլորտի կազմակերպություն՝ կազմակերպություն, որի նախորդ տարվա աշխատողների միջին տարեկան թիվը գերազանցել է 50-ը (աշխատողների միջին տարեկան թիվը հաշվարկվում է նախորդ օրացուցային տարվա յուրաքանչյուր ամբողջական ամսվա վերջին օրվա դրությամբ՝ աշխատողների թվի հանրագումարը հարաբերելով ամբողջական ամիսների թվի վրա)․

9) հանրային նշանակության կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված կազմակերպություններ, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում․

10) վնասակար գործողություն՝ գործողություն կամ անգործություն, որով ազդարարման համար ազդարարին կամ նրա հետ փոխկապակցված անձին հասցվում է վնաս՝ լուծելով աշխատանքային պայմանագիրը կամ նրան ավելի ցածր պաշտոնի փոխադրելով կամ նրա հաստիքը կրճատելով կամ նրան աշխատանքային առաջադրանքներ չտրամադրելով կամ արհեստականորեն հանձնարարականներով կամ առաջադրանքներով ծանրաբեռնելով կամ նրա աշխատանքային գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտելով կամ նրա նկատմամբ խրախուսանքի միջոցների կիրառումը մերժելով կամ նրա աշխատավարձը կամ պարգևավճարները կրճատելով կամ նրա գույքին վնաս պատճառելով կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով կամ նրան պատասխանատվության ցանկացած այլ միջոցի ենթարկելով, որը կվատթարացնի նրա գույքային դրությունը կամ չի արդարացնի գույքային կամ այլ առաջխաղացման ակնկալիքները կամ ազդարարումից հետ պահելուն ուղղված կամ ազդարարման հետ կապված այլ ներգործության միջոցներ կիրառելով.

11) կոռուպցիոն բնույթի դեպքեր՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքներ.

12) հանրային շահերին ուղղված այլ վնաս՝ հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության միջոցների կամ գույքի վատնում, ինչպես նաև այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին։

(2-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 07.12.22 ՀՕ-495-Ն, խմբ. 03.07.26 ՀՕ-346-Ն)

(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

(03.07.26 ՀՕ-346-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։