Հոդված 9. Անանուն հաղորդումները և դրանց առանձնահատկությունները
Հոդված 9. Անանուն հաղորդումները և դրանց առանձնահատկությունները
1. Ազդարարը անանուն հաղորդումը ներկայացնում է այն միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրելու միջոցով:
1.1. Շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտումների մասին հաղորդումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը վերահասցեագրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն իր իրավասության շրջանակներում ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:
2.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովում է իրեն վերահասցեագրված՝ իր իրավասության ոլորտին առնչվող հաղորդումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:
3. Հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաղորդումն ստուգելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այն վերահասցեագրում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին:
5. Սույն օրենքի 7-րդ հոդվածի դրույթները տարածվում են անանուն հաղորդումների վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:
(9-րդ հոդվածը լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)