Հոդված 15. Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս
Հոդված 15. Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս
Ոստիկանությունը պարտավոր է՝
1) ապահովել, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, օբյեկտների և գույքի պետական պահպանությունը, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր.
2) անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքի և գանձերի պահպանությունն ապահովելու ուղղությամբ, մինչև դրանք համապատասխան պետական մարմիններին կամ պաշտոնատար անձանց հանձնելը.
3) ապահովել գտնված և ոստիկանություն հանձնված փաստաթղթերի, իրերի, թանկարժեք և այլ գույքի պահպանությունը, միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված կարգով դրանք օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ:
Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատում է Կառավարությունը:
Ոստիկանության՝ պետական պահպանության գործառույթ իրականացնող ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ծառայության կարգը սահմանում է ոստիկանության պետը:
(15-րդ հոդվածը լրաց. 31.05.19 ՀՕ-46-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն)