Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-15-ից մինչև 2026-07-26։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ III · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 20. Ոստիկանության իրավունքները հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս

գործել է մինչև 2026-07-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 20. Ոստիկանության իրավունքները հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս

Ոստիկանությունը հանցագործություններ հայտնաբերելիս և բացահայտելիս իրավունք ունի՝

1) գրանցելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալված անձանց, ստանալու մատնադրոշմային նմուշներ նրանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու նպատակով, իր գործունեությունը արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման, կինո-լուսանկարահանման սարքավորումներ, ինչպես նաև այլ տեխնիկական և հատուկ միջոցներ.

2) (կետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-172-Ն)

3) ենթադրյալ հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալված անձին ուղարկելու կամ տեղափոխելու բժշկական հաստատություն՝ նրա օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով, կամ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով իրականացնելու սթափության վիճակի ստուգում, եթե ստուգման արդյունքն անհրաժեշտ է ենթադրյալ հանցագործության փաստն արձանագրելու համար.

4) ենթադրյալ հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա անձանց հետապնդելիս, դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում, վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ, ինչպես նաև անձանց կյանքին կամ առողջությանը անմիջական սպառնացող վտանգի դեպքում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, եթե հետապնդվող նպատակներին հնարավոր չէ հասնել այլ՝ անձի անձնական կյանքի պաշտպանության իրավունքին և սեփականության իրավունքին նվազ միջամտությամբ:

Բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործելուց հետո կազմվում է արձանագրություն, որում հստակ նշվում են դրա գտնվելու վայրը, անհրաժեշտ գործողությունները կատարելու ավարտի օրը, ժամը, տարածքում կատարված բոլոր գործողությունները, այդ գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, բնակության վայրերը:

Արձանագրության մեկ օրինակը տրվում կամ ուղարկվում է բնակարանի, շինության, տարածքի կամ հողամասի սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին:

Եթե ոստիկանությունը բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք է գործել դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի բացակայությամբ, ապա անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո բնակարան, շինություն, տարածք կամ հողամաս մուտք գործած անձանց կողմից պետք է ապահովվի դրա հետագա անվտանգությունը:

Եթե սույն կետով նախատեսված գործողությունները կատարվել են քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց կամքին հակառակ, ապա ոստիկանությունն այդ մասին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր ծանուցում է դատախազին.

5) առերևույթ հանցագործության առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով իրականացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ դատավարական գործողություններ.

6) (կետն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-316-Ն)

6.1) (կետն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-316-Ն)

6.2) (կետն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-316-Ն)

7) անհրաժեշտության դեպքերում օգտվելու կազմակերպությունների և քաղաքացիների տրանսպորտի և կապի միջոցներից` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական ծախսերի փոխհատուցմամբ:

Ոստիկանությունն իրավունք ունի իրականացնելու նաև օրենքներով իրեն վերապահված այլ գործողություններ:

(20-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-220-Ն, 06.12.17 ՀՕ-226-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-272-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-460-Ն, լրաց., փոփ. 02.10.25 ՀՕ-316-Ն)

(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։