Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-15-ից մինչև 2026-07-26։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 25. Ոստիկանության իրավունքներն արտակարգ իրադրության պայմաններում և հատուկ միջոցառումներ իրականացնելիս

գործել է մինչև 2026-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 25. Ոստիկանության իրավունքներն արտակարգ իրադրության պայմաններում և հատուկ միջոցառումներ իրականացնելիս

Ոստիկանությունը, արտակարգ իրադրության պայմաններում, ինչպես նաև հատուկ միջոցառումներ իրականացնելիս, իրավունք ունի՝

1) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կամ ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի որոշմամբ կատարել տարածքի հատվածների շրջափակում (շրջապատում)՝ անհրաժեշտության դեպքում կատարելով տրանսպորտային միջոցների զննություն, տարերային աղետների, համաճարակների ժամանակ, կարանտին միջոցառումներ անցկացնելիս կանխել անկարգությունները, տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքները խափանող գործողությունները.

2) օրենքով սահմանված կարգով և նախապես ներկայացնելով ծառայողական վկայականը՝

ա) բնական աղետների, վթարների, համաճարակների և զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների անձնական և հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով անարգել մուտք գործել քաղաքացիների բնակարան կամ այլ շինություն, նրանց պատկանող հողամաս, կազմակերպությունների զբաղեցրած շինություն կամ տարածք, զննել դրանք,

բ) օգտագործել կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող տրանսպորտային միջոցները տարերային աղետի վայր հասնելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին բժշկական հաստատություններ տեղափոխելու, հանցագործներին հետապնդելու, ինչպես նաև վթարի պատճառով վնասված տրանսպորտային միջոցները տեղափոխելու և դեպքի վայր հասցնելու կամ ոստիկանության անձնակազմին տագնապի ազդանշանով հավաքատեղի հասցնելու համար՝ անհրաժեշտության դեպքում հեռացնելով վարորդներին տրանսպորտային միջոցները վարելուց: Վերոնշյալ նպատակներով կարող են օգտագործվել նաև կազմակերպություններին կամ քաղաքացիներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատկանող կապի միջոցները:

Սույն կետում նշված դեպքերում քաղաքացիներին պատկանող տրանսպորտային կամ այլ միջոցներին պատճառած վնասը ենթակա է հատուցման օրենքով սահմանված կարգով:

Թվարկված նպատակների համար չեն կարող օգտագործվել հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները:

(25-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-123-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-460-Ն)

(16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։